«ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ» ՈՒՎԿ ՓԲԸ

Տվյալների մշակման և գաղտնիության քաղաքականություն

 

նորացման ամսաթիվ 20 օգոստոսի, 2016թ.

 

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն տվյալների մշակման և գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) կարգավորում է «Կրեդո Ֆինանս» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (հասցեն՝ ՀՀ. ք.Երևան, Կիևյան 2-րդ նրբանցք, տուն 16, էլ փոստ` credo@credofinance.am, հեռ:060 465555) (այսուհետ՝ «Մենք», «Մեր» կամ «Ընկերություն») պաշտոնական www.credofinance.am և www.icredo.am կայքերից (այսուհետ՝ «Կայք»)(այսուհետ նաև` Ընկերություն կամ Տվյալներ մշակող) կողմից տվյալների սուբյեկտի (այսուհետ նաև` Դուք)անձնական տվյալների մշակման կարգը, նպատակը, մշակվող անձնական տվյալների շրջանակը, տվյալների սուբյեկտի իրավունքները և դրանց առնչվող այլ հարաբերությունները:

1.2. Ընկերության կողմից տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, վերջինիս համապատասխան ընդունված Ընկերության ներքին և այլ ակտերով (այսուհետ` Կիրառելի օրենսդրություն):

1.3. Կայք մուտք գործելով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ընկերության կողմից Կայքի միջոցով (ներառյալ քուքիներից (cookies) և լոգ ֆայլերից (log files)) ստացված Ձեր անձնական տվյալների մշակմանը` համաձայն սույն գաղտնիության քաղաքականության:

1.4. Քաղաքականությունը կարող է Ընկերության հայեցողությամբ ցանկացած ժամանակ փոփոխվել: Յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակման պահից:

 

2. Տվյալների հավաքագրում

2.1. Ընկերությունը Ձեր վերաբերյալ անձնական տվյալներ հավաքագրում է տարբեր աղբյուրներից.

2.1.1. Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս Ձեր կողմից, ինչպես նաև վարկային բյուրոներից և տվյալների մշակում իրականացնող այյ սուբյեկտներից տեղեկություններ ձեռք բերելով,

2.1.2. Կայքի բնականոն օգտագործման ընթացքում, Կայքի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվելիս:

2.2. Ընկերությունն իրականացնում է ինչպես անձնավորված, այնպես էլ ապաանձնավորված տվյալների մշակում:

2.3. Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելիս,որպես կանոն, հավաքագրվում են տեղեկություններ, ինչպիսիք են` Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ այն չունենալու մասին տեղեկանքի տվյալները), ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլետրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, զբաղվածությանկարգավիճակը, ամուսնական կարգավիճակը, ընտանիքի կազմը, գործատուի անունը, աշխատանքի վայրի հեռախոսահամարը, ամսական եկամուտը, Ընկերության հետ կապի ձայնագրությունները, տեղեկություններԸնկերության կամ երրորդ անձանց նկատմամբ Ձեր ընթացիկ և նախկին պարտավորությունների մասին, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կապակցությամբ Ձեր կողմից գրավոր, բանավոր, էլեկտրոնային և/կամ կապի ցանկացած այլ միջոցով Ընկերությանն տրամադրված ցանկացած այլ տեղեկություն:

2.4. Կայքի բնականոն օգտագործման, Կայքի կամ այլ հեռակարավարման համակարգերի միջոցով մատուցվող ծառայություններից օգտվելիս, որպես կանոն, հավաքագրվում են տեղեկություններ, ինչպիսիք են`Ձեր ինտերնետ կանխագրի (IP) հասցեն, ինտերնետային ծառայությունների մատակարարը (ISP), Ձեր կողմից օգտագործվող դիտարկիչի (browser) տեսակը, օպերացիոն համակարգը, տեղակայման տվյալներ (location data), ցանցային գրանցամատյաններ (weblogs), տեղեկատվական հոսքի (traffic data) և ցանկացած այլ տվյալ, (ապաանձնավորված տվյալներ): 

2.5. Ընկերության կողմից անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ընկերության այն աշխատակիցների կողմից, ովքերունեն նման իրավասություն:

2.6. Անձնական տվյալների մշակումը Ընկերություն կողմից կարող է առաջադրվել նաև այլ լիազորված անձանց: Վերջիններս կողմից անձնական տվյալների մշակումն իրականացնում են օրենքին համապատասխան Ընկերության կողմից տրված առաջադրանքի շրջանակներում:

 

3. Տվյալների մշակման նպատակները

Անձնական տվյալների մշակման նպատակներն են.

3.1. մինչև պայմանագրային հարաբերություններ հաստատելը Ձեր ինքնության, կոնկրետ ծառայությունից օգտվելու պայմաններին համապատասխանության ստուգումը,

3.2. Ընկերության և Ձեր միջև ձևավորված պարտավորությունների կատարման ապահովումը,

3.3. Ձեզ հետ կապի հաստատումը, ներառյալ` փոփոխությունների մասին ծանուցման համար,

3.4. Ընկերության բնականոն ընթացիկ գործունեության ապահովում, ինչպես նաև` Ձեր փոխանցումների իրականացում, հաշիվների պահպանում, վարկային բյուրո տեղեկատվության տրամադրում, դատական ակտերի կատարում և այլն,

3.5. մարքեթինգային քաղաքականության իրականացումը, ներառյալ՝ Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները և ակցիաները Ձեզ մատչելի դարձնելը,

3.6. Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ներառյալ`  Կայքի սպասարկման որակի ապահովումը և բարելավումը,

3.7. Կայքի կառավարումը, Կայքում այցելուների շարժին հետևել, միտումների (trends)  ուսումնասիրումը, Ընկերության օգտատերերի մասին համընդհանուր տեղեկատվության հավաքագրումը,

3.8. տեղեկատվական նպատակներով ներքին տվյալների բազայի ձևավորումը,

3.9. ցանկացած զեղծարարության, փողերի լվացման և այլ հանցավոր գործունեության հայտնաբերում և կանխարգելումը,

3.10. անձնական տվյալների սուբյեկտի օրինական շահերի պաշտպանությունը,

3.11. Ընկերության իրավունքների և օրինական  շահերի պաշտպանություն,

3.12. Ընկերության կողմից հետապնդվող այլ օրինական նպատակների իրագործումը:

 

4. Տվյալների օգտագործումը և բացահայտումը

4.1. Անձնական տվյալների մշակման ընթացքում Ընկերությունն ընդունում է ներքին ակտեր, ձեռնարկում անհրաժեշտ և բավարար իրավական, կազմակերպական, տեխնիկական և այլ միջոցներ անձնական տվյալների մշակումը  Կիրառելի օրենսդրությանը համապատասխանեցնելու, մշակման անվտանգությունն ապահովելու, չարտոնվածմշակումը և այլ հնարավոր խախտումները բացառելու համար,

4.2. Ընկերությունը կարող է տվյալների սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունները, կիրառելի օրենսդրությանը համապատասխան, փոխանցել.

4.2.1. ծառայություն մատուցող սուբյեկտներին,

4.2.2. կառավարության, դատական կամ վերահսկող մարմիններին` օրենքով սահմանված պահանջի առկայության դեպքում:

4.3. Ընկերությունը իրավունք չունի այլ դեպքերում տրամադրել տվյալների սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ որևէ երրորդ անձի, եթե չունի տվյալների սուբյեկտի կողմից համապատասխան թույլտվություն, եթե դա չի պահանջվում և թույլատրվում օրենքով, կամ եթե տվյալների սուբյեկտն այդ մասին նախապես չի տեղեկացվել:

4.4. Երրորդ անձանց տվյալներ փոխանցելիս Ընկերությունը կիրառում է տվյալներ ստացողի կողմից փոխանցված տվյալների մշակման և պահպանման համար  համապատասխան գաղտնիության և անվտանգության միջոցներ:

 

5. Տվյալների սուբյեկտի իրավունքները 

Տվյալների սուբյեկտն իրավունք ունի Կիրառելի օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

5.1. տեղեկություններ ստանալ իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, ներառյալ` մշակման նպատակի, եղանակների, ժամկետների, մշակող սուբյեկտների, մշակման արդյունքում իր համար հնարավոր հետևանքների վերաբերյալ, Ընկերությունից պահանջել իրականացնել անհրաժեշտ գործողություններ իր անձնական տվյալները ամբողջացնելու, նորացնել , ուղղելու, ուղեփակելու կամ ոչնչացնելու ուղղությամբ,

5.2. Ընկերությունից պահանջել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր անձնական տվյալների մշակման անվտանգությունն ապահովելու ուղղությամբ,

5.3. hետ կանչել իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնությունը: Այդ դեպքում Ընկերությունը պարտավոր է դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը` հետկանչն ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ Ձեր և Ընկերության փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով: Այն դեպքում, երբ Ձեր անձնական տվյալների մշակումն անհրաժեշտ է Ձեր և Ընկերության միջև կնքված պայմանագրերի կատարման համար Ընկերությունը Ձեր անձնական տվյալների մշակումը դադարեցնում է վերոհիշյալ պայմանագիրը դադարելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում: Անձնական տվյալների ոչնչացումն իրականացվում է Ընկերության փաստաթղթերի արխիվացման կարգին համապատասխան:

5.4. բողոքարկել Ընկերության գործողությունները կամ անգործությունը կամ որոշումները անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին կամ դատական կարգով, եթե համարում է, որ իր անձնական տվյալների մշակումն իրականացվում է Կիրառելի օրենսդրության պահանջների խախտմամբ կամ այլ կերպ խախտում է իր իրավունքներն ու ազատությունները 

5.5. իրականացնել Կիրառելի օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

 

6.Քուքիների (cookies)օգտագործումը

6.1. Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Ընկերությունն այն չի օգտագործում անձնական տվյալներ հավաքագրելու համար:Քուքիների միջոցով ստացված տվյալները օգտագործվում են Կայքի ընդհանուր շարժն ուսումնասիրելու, Կայք այցելությունները բարելավելու,Կայքի հարմարավետությունն ու արդյունավետությունը ապահովելու համար: